Բեզոարյան այծը տարածված է Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում (կովկասյան ենթատեսակ՝ Capra aegagrus aegagrus), Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Հանդիպում է դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։
Հայաստանում արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (Շորժա գյուղի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է[1]։